Skip to content

Latest commit

 

History

History
87 lines (61 loc) · 10.3 KB

Unlocking JavaScripts Remainder Operator.hy.md

File metadata and controls

87 lines (61 loc) · 10.3 KB

Մնացորդով բաժանման օպերատորը JavaScript-ում (%): Ինչպե՞ս օգտվելով մնացորդով բաժանումից արտածել տրված թիվը հակառակ հերթականությամբ(«Շրջել» այն):

Հիմնական թվաբանական գործողություններին՝ գումարում, հանում, բաժանում և բազմապատկում՝ բոլորն են ծանոթ։ Բայց կա ևս մի հասարակ թվաբանական գործողություն՝ ՄՆԱՑՈՐԴՈՎ ԲԱԺԱՆՈՒՄԸ, որը սկսնակները երբեմն չեն պատկերացնում թե հատկապես որտեղ կարելի է կիրառել։ Այն ծրագրավորման մեջ հաճախ է օգտագործվում, և այս գրառման մեջ մենք կծանոթանանք նրա օգտագործման մի քանի տարբերակների, իսկ վերջում շատ տարածված մի խնդիր կլուծենք, որի իմաստը կայանում է նրանում, որ առանց բարձր կարգի ֆունկցիաներ օգտագործելու, տրված թիվը արտածել հակառակ հերթականությամբ։

Տարբեր ծրագրավորման լեզուներում մնացորդով բաժանման օպերատորը տարբեր տեսք ունի։ Օրինակ Delphi, Haskell, MATLAB, Pascal և մի շարք այլ լեզուներում օգտագործվում է mod բանալի բառը, C/C++, JavaScript և մի շարք այլ՝ C լեզվին սինթաքսով նման լեզուներում որպես օպերատոր օգտագործվում է % սիմվոլը (Նկատենք, որ այն տոկոս հաշվելու հետ կապ չունի)։

Այսպիսով a % b -ն կվերադարձնի ab-ի վրա բաժանելու արդյունքում ստացված մնացորդը։ JavaScript-ում մնացորդով բաժանման արդյունքում վերադարձվող արժեքը միշտ ստանում է ԲԱԺԱՆԵԼԻԻ նշանը (Դրական կամ Բացասական):

console.log(7 % 3); // 1
console.log(8 % 2); // 0
console.log(-1 % 2); // -1
console.log(1 % 2); // 1
console.log(-4 % 2); // -0
console.log(5.5 % 2); // 1.5

Երբ և՛ բաժանելին և՛ բաժանարարը դրական թվեր են և բաժանարարը մեծ է բաժանելիից, այդտեղ ամեն ինչ ավելի քան հասկանալի է։ Սակայն ինչու՞ է 1 % 2-ը ստացվում 1։ Որովհետև 1 -ի մեջ 2-ը տեղավորվում է 0 անգամ, 0 * 2 = 0, հետևաբար մնում է 1 մնացորդը: (Հետաքրքիր տրամաբանություն է, ինչ խոսք):

Նաև -4 % 2 = -0, ինչը ևս տարօրինակ է, սակայն հիշեցնեմ, որ JavaScript-ում, և ոչ միայն JavaScript-ում, նաև մի շարք այլ ծրագրավորման լեզուներում գոյություն ունի -0 թվային արժեք (մաթեմատիկոսների մոտ հանկարծ այդպիսի բան չասեք), որը կապված է թվերի՝ հիշողության մեջ ներկայացման IEEE-754 ձևաչափի օգտագործման հետ (երբեմն անվանում են նաև double precision ձևաչափ կամ ուղղակի double

Մնացորդով բաժանումը կարող ենք օգտագործել պարզելու համար թիվը զույգ է թե կենտ։ Երբ ամբողջ թիվը մնացորդով բաժանում ենք 2-ի, ապա եթե ստացվում է 0 մնացորդ, նշանակում է թիվը զույգ է, քանի-որ միայն զույգ թիվը կարող է առանց մնացորդ բաժանվել 2-ի վրա։ Հակառակ դեպքում բնականաբար թիվը կենտ է։

Նկատենք նաև, որ բազմանիշ ամբողջ թիվը մնացորդով 10-ի վրա բաժանելու արդյունքում ստանում ենք վերջին թվանշանը։ Օրինակ՝

  • 458 % 10 կստանանք 8, որովհետև 458-ի մեջ 10-ը տեղավորվում է 45 անգամ, և մնում է 8 մնացորդը։ 458 === 45 * 10 + 8
  • 35 % 10-ի դեպքում կստանանք 5, որովհետև 35-ի մեջ 10-ը տեղավորվում է 3 անգամ և մնում է 5 մնացորդը։ 35 === 3 * 10 +5

Միանիշ թվի դեպքում նույնպես ամեն ինչ արդեն պարզ է, 10-ի վրա մնացորդով բաժանելուց ստացվում է հենց այդ թիվը։ Օրինակ՝

  • 8 % 10 ստացվում է 8, քանի որ 8-ի մեջ 10-ը տեղավորվում է 0 անգամ, և մնում է 8 մնացորդը։

Իսկ հիմա փորձենք մնացորդով բաժանման օգնությամբ լուծել մի շատ տարածված խնդիր։ Ստեղծենք ծրագիր, որը թույլ կտա ներմուծել թիվ, և այդ թվերը արտածենք հակառակ հերթականությամբ։ Մենք իհարկե կարող ենք օգտագործել ներդրված ֆունկցիաների մի քանի շղթայական կանչ, և խնդիրը լուծել շատ հեշտ ու շատ արագ։

alert(prompt("Input a number").split("").reverse().join(""));

Այստեղ ուղղակի promp-ով կատարում ենք հարցում, ստանում թիվը, և քանի որ prompt-ը մուտքագրված արժեքները վերադարձնում է տողի տեսքով, այն միանգամից վերածում ենք զանգվածի split մեթոդի օգնությամբ, reverse-ով շուռ տալիս, հետո join-ով կրկին վերածում տողի։ Ապա alert ենք անում արժեքը։

Բայց բերեք String-ի և Array-ի մեթոդներ չօգտագործենք ու փորձենք խնդիրը լուծել մնացորդով բաժանման օպերատորի և while ցիկլի օգնությամբ։

function reverseNum(num) {
  let result = 0;
  while (num) {
    result = result * 10 + (num % 10);
    num = Math.floor(num / 10);
  }
  return result;
}

ֆունկցիան որպես արգումենտ ստանում է թիվ, այնուհետև ֆունկցիայի մարմնում հայտարարվում է result փոփոխականը, և որպես սկզբնական արժեք տրվում է 0-ն։ Հաջորդ քայլին while ցիկլը որպես պայման ստանում է num արգումենտը և ինչպես գիտենք ցիկլի պայմանում ցանկացած տիպի արգումենտ ավտոմատ փոխակերպվում է բուլյան արժեքի։ 0-ից և NaN-ից բացի, բոլոր մյուս թվային արժեքները փոխակերպվում են true-ի։ Ցիկլը կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ num-ի արժեքը չի դարձել 0, որը falsy- ի արժեք է, և կստիպի ցիկլին դադարեցնել աշխատանքը։

Որպեսզի թիվը հակառակ հերթականությամբ «հետ հավաքենք» մենք պետք է result փոփոխականի արժեքը ցիկլի յուրաքանչյուր իտերացիայի ժամանակ բազմապատկենք 10-ով և գումարենք դրան մուտքագրված թվի վերջին թվանշանը, որն էլ կստանանք թիվը 10-ի վրա մնացորդով բաժանելու շնորհիվ։ Նաև անհրաժեշտ կլինի մուտքագրված թիվն ամեն իտերացիայի ժամանակ փոքրացնել, դեն նետելով վերջին թվանշանը, այլապես կունենանք անվերջ ցիկլ։ Դրա համար մենք թիվը կբաժանենք 10-ի, և parsInt կամ Math.floor ֆունկցիաների օգնությամբ դեն կնետենք մնացորդը։

Եթե կհետաքրքրի, նախորդ գրառումներիցս մեկում, որը նվիրված էր ոչ ամբողջ թվերից ամբողջ մասի ստացմանը, ես նշել եմ մի քանի տարբերակներ, թե ինչպես կարելի է դա անել, այդ թվում նաև էկզոտիկ տարբերակներով՝ օրինակ ~ (tilde կամ հայերեն ալիքանշան) օպերատորի օգտագործմամբ: Եվ այսպես՝ ամեն իտերացիայի ընթացքում մուտքագրված թիվը զրկվում է իր վերջին թվանշանից, մինչև դառնում է միանիշ, որն էլ 10-ի վրա բաժանվելով և դեպի ներքև կլորացվելով դառնում է 0։ Ցիկլը դադարեցնում է իր աշխատանքը, ֆունկցիան վերադարձնում է result փոփոխականը, որում արդեն հակառակ հերթականությամբ հավաքված թիվն է։

Մենք կարող ենք փոքրիկ լրացում կատարել, որպեսզի prompt - ի շնորհիվ հնարավոր լինի մուտքագրել թիվը, և alert արվի թիվը՝ բայց հակառակ հերթականությամբ։

alert(reverseNum(prompt("Enter a value"), ""));

Ֆունկցիան կարող է ունենալ նաև հետևյալ տեսքը՝

function reverseNum(n) {
  let x = 0;
  while (n > 0) {
    x = x * 10 + (n % 10);
    n = ~~(n / 10);
  }
  return x;
}

Ամեն ինչ այնպես է ինչպես վերևի օրինակում, ուղղակի մնացորդից ազատվելու համար օգտագործում ենք ~ օպերատորը, ինչպես արդեն ասեցի, դրա մասին առանձին գրառում կա հետևյալ հղումով

Իսկ վերջում որպես բոնուս ներկայացնեմ շատ խառն ու անհասկանալի տարբերակ, որը թեև շատ հրաշալի աշխատում է, սակայն օգտագործել խորհուրդ չի տրվում 😊

const reverseNum = (n, res = "", _) => (
  (_ = (n) => (n < 1 ? null : ((res += ~~(n % 10)), _(n / 10))))(n), +res
);